Վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը, թե Բաքուն և Երևանը պայմանավորվել են հանել «Զանգեզուրի միջանցքի» կետը խաղաղության համաձայնագրից, կարելի է սենսացիա համարել, գրել են ադրբեջանական ԶԼՄ-նեը: Մինչ այժմ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վստահեցնում էին, որ առանց «Զանգեզուրի միջանցքը» բացելու Հայաստանի համաձայնության, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Ամիրբեկովի խոստովանությունը համընկել է «Զանգեզուրի միջանցքը» միջազգային վերահսկողության տակ հանձնելու հնարավորության մասին հաղորդագրությունների հետ։
Այս գաղափարի մասին ակնարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը տարածաշրջան կատարած այցի ժամանակ, իսկ ավելի վաղ այդ մասին խոսել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միանգամայն անսպասելիորեն Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին խոսել է Հայաստանի համար այս նախագծի «վնասակարության» մասին։ Դրանից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուն, Թեհրանից Բաքու ժամանելով, խոսել է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասի տարածքում կանխելու անհրաժեշտության մասին։ «Կարելի է եզրակացնել, որ Զանգեզուրի միջանցքի վրա միջազգային վերահսկողություն ստեղծելու գաղափարը մշակվել է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։ Այս գաղափարի իմաստը Ռուսաստանի մուտքն այնտեղ թույլ չտալն է։ Սա այն է, ինչ Երևանն այդքան կրքոտ ցանկանում է։ Ըստ ամենայնի՝ արևմտյան գործընկերներին հաջողվել է համոզել Բաքվին, որ ռուսական ուժերի ներկայությունն այս միջանցքում ոչինչ չի տալիս Ադրբեջանին, և ավելի լավ է, որ որոշակի կարգավիճակ ունեցող միջազգային որոշ ուժեր կանգնեն այնտեղ», – նշվել է հոդվածում: Հենց դրանով է բացատրվում Մոսկվայի և Թեհրանի մտահոգությունը, որոնք փորձում են համոզել կամ ստիպել Հայաստանին չգնալ նման քայլի։
ԱՄՆ-ն, իր հերթին, ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ համոզելով նրան ընդունել այս տարբերակը և չսրել իրավիճակը սահմանին։
«Փաստացի, Վաշինգտոնի ու Մոսկվայի առճակատում է Հարավային Կովկասում ազդեցության համար: Հասկանալի է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահանջել։
Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը մոտ ապագայում ցույց կտա, թե արդյո՞ք Արևմուտքը կկարողանա կյանքի կոչել այդ գաղափարը», – եզրափակել է գործակալությունը։