Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) վերահաստատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին փոխնախագահ Մայքլ Փենսի վարչակազմին տրված ձախողման գնահատականը՝ Արցախի բնիկ հայերի վրա Ադրբեջանի կողմից հարձակմանը օգնելու, աջակցելու համար․ տեղեկանում ենք հանձնախմբի կայքից։
Հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսի գնահատականի պատճառն է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը և այնուհետև Կոնգրեսի կողմից այս հանցագործության հիշատակումն ակտիվորեն արգելափակելը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար քայլեր չձեռնարկելը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփ-Փենսի վարչակազմը խախտել է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության՝ ԱՄՆ-ում հաստատված հավասարության նախադեպը և կտրուկ ավելացրել է Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը՝ ավելի քան 120 միլիոն դոլար հատկացնելով և փաստացի աջակցելով Ալիևի ռեժիմի ագրեսիային։
Հայ Դատի հանձնախումբը շեշտել է, որ 2020թ․ Արցախի վրա Ադրբեջանի ցեղասպան հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը ոչ մի քայլ չի չձեռնարկել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչով փաստորեն խրախուսվել են հետագա ագրեսիաները և Արցախի հայաթափումը։
«Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները չշտկելը, ապօրինաբար կալանավորված հայ գերիների ազատ արձակումը և արցախահայության վերադարձի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը չապահովելը ոչ միայն կխրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլև վտանգավոր ազդանշան կուղարկի այլ չարաշահող ռեժիմներին, որ Միացյալ Նահանգները պատրաստ են պաշտպանել մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքները, երբ այն աշխարհաքաղաքական առումով հարմար է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հանձնախումը վարչակազմին մեղադրել է նաև Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիայի և Արցախի վրա հարձակմանը մասնակցելու վրա աչք փակելու համար։