Մի քանի տարի առաջ չէր կարելի պատկերացնել Ֆիլիպիններին և Հայաստանին ռազմական մատակարարումների ահռելի քանակությունը. Հնդիկ պաշտոնյա
Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերությունն այժմ մատակարարում է ավելի քան 90 երկրի, իսկ արտահանումը 10 տարում աճել է ավելի քան 30 անգամ, գրել է The Print-ը:
Արտահանվող սարքավորումները լայնածավալ են՝ փոքր զենքերից մինչև զրահամեքենաներ։ Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող պատերազմը և Իսրայել-Համաս հակամարտությունն ավելի մեծ աճ են հաղորդում դրան, քանի որ երկրները փորձում են ուժեղացնել իրենց զինանոցը: Ըստ ներկայացված տվյալների՝ Միացյալ Նահանգները հնդկական պաշտպանական արտադրանքի ամենամեծ ներկրողն է, որը կազմում է Հնդկաստանի պաշտպանական ընդհանուր արտահանման գրեթե 50%-ը:
Հնդկաստանի պաշտպանական արտահանման հնարավորություններն ավելի են ընդգծվում վերջին գործարքներով՝ ներառյալ BrahMos հրթիռային համակարգերի վերաբերյալ պայմանագիրը Ֆիլիպինների հետ և ՀՕՊ համակարգերի համաձայնագրերը Հայաստանի հետ:
The Print-ի հետ զրույցում Հնդկաստանի պաշտպանության ոլորտի պաշտոնյաներից մեկը նշել է. «Դեռևս մի քանի տարի առաջ չէր կարելի պատկերացնել BrahMos հրթիռների վաճառքը Ֆիլիպիններին և Հայաստանի հետ կնքված գործարքների ահռելի քանակությունը»։
Այսօր Հնդկաստանն արագորեն դիրքավորվում է որպես համաշխարհային պաշտպանական արդյունաբերության հիմնական խաղացող:
Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր Հայաստանին մինչև 2024 թվականի վերջը Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Այսպիսով՝ Հայաստանը դարձել է այս նորացված հրթիռային համակարգի առաջին միջազգային գնորդը։