Թուրքական ընդդիմադիր Diken պորտալում հրապարակվել է թուրք վերլուծաբան Ջան Աթաքլըի ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակը հեգնում է Իսրայելի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կոշտ» հայտարարությունները։
Աթաքլըն, հղում անելով ամերիկյան կողմին, նշում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող «TCG Anadolu» ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին Միջերկրական ծովում, որի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հաղորդել։
Ըստ հոդվածի հեղինակի` այդ զորավարժության մասին ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ ամերիկյան կողմը, որը հանրայնացրել էր տեղի ունեցածը։
Այս ամենում ուշագրավ փաստն այն է, որ այդ զորավարժությունները, ըստ էության, եղել են ի աջակցություն Իսրայելի և այդ համատեքստում շատ «տարօրինակ է Անկարայի նման քայլը, որը մի կողմից սպառնում է ներխուժել Իսրայել, բայց մյուս կողմից մասնակցում է Իսրայելին աջակցող ամերիկյան զորավարժություններին»։
Ջան Աթաքլըն նաև բացառում է, որ այդ որոշումը կայացված լինի առանց Էրդողանի իմացության, քանզի եթե հանկարծ այդպես լիներ, ապա Էրդողանը «խիստ կբարկանար»։
«Էրդողանը հավանաբար լրատվամիջոցներից է իմացել, որ թուրքական ռազմածովային ուժերը զորավարժության են մասնակցում Իսրայելին պաշտպանելու համար»,- հեգնում է թուրք վերլուծաբանը։