Բայրամովը և Ֆիդանը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
Անկարայում փակ դռների հետևում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետություն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը․ այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունների քաղաքական, պաշտպանական, տնտեսական-առևտրային, էներգետիկ, տրանսպորտային-հաղորդակցական, հումանիտար և այլ ասպեկտներ, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի պահանջները, ՀՀ ռազմականացված քաղաքականությունը, որն ըստ նախարարների` իբր թե հանդիսանում է խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիքը, նաև կրկին անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցին։
Նշվել է, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության հետ մեկտեղ բարձր է գնահատվում ակտիվ մասնակցությունը Արցախում ընթացող վերականգնողական աշխատանքներին։
Բացի այդ, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։