20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարևանների հետ համաձայնության գալու Փաշինյանի շանսերը բառացիորեն հալչում են աչքի առաջ․ քաղաքագետ

Հարևանների հետ համաձայնության գալու Փաշինյանի շանսերը բառացիորեն հալչում են աչքի առաջ․ քաղաքագետ

Քաղաքագետ Յուրի Մավաշևն անդրադարձել է Բաքվի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ Անկարա այցի ֆոնին։

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում Անկարան երբեք պաշտոնապես որևէ բան չի պայմանավորվել Երևանի հետ՝ առանց Բաքվի աջակցությունը ստանալու: Այժմ ևս Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացնում է բոլոր դիտորդներին՝ կարգավորման գործընթացը կդիտարկվի համակարգված, Բաքվի և Անկարայի կողմից կտրվեն ընդհանուր գնահատականներ։ Սա նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առանձին պայմանավորվածություններ չեն սպասվում։

«Մինչև նոյեմբեր (ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը) Հայաստանին և հատկապես վարչապետ Փաշինյանին, ով իր երկիրը տանում է քաղաքական օձաձև ճանապարհով, ամեն ինչի համար քիչ ժամանակ է մնացել», – գրել է քաղաքագետը։

Նախկինում ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, գուցե, հաջողվի ստորագրել մինչև նոյեմբեր։ «Հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նոր էջի» վրա համաձայնության գալու Փաշինյանի շանսերը բառացիորեն հալչում են մեր աչքի առաջ։ Ի վերջո, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Էրդողանն ու Ալիևը բազմիցս հանդիմանել են Երևանին ԱՄՆ-ի, Ֆրանսիային և արևմտյան այլ խաղացողների վրա հույս դնելու փորձերի համար», – կարծում է Մավաշևը։