Իսրայելի ցանկացած հարված Իրանի միջուկային օբյեկտներին, հավանաբար, կանցնի Ադրբեջանի տարածքով․ The National Interest
Վերջին տասը ամիսների ընթացքում ու Իրանը ներգրավված են լայնածավալ պատերազմի մեջ՝ Գազայից և Լիբանանից մինչև Սիրիա և Եմեն: Մի քանի աղմկահարույց սպանություններից հետո հնարավոր է, որ հակամարտությունն էլ ավելի սրվի, գրել է The National Interest-ը:
Իսրայելա-իրանական հակամարտությունն իր հերթին խորապես խրված է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան բլոկի և Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի գլխավորած եվրասիական բլոկի միջև շարունակվող սառը պատերազմի մեջ: Իսրայելա-իրանական հակամարտությունը մոլեգնում է Մերձավոր Արևելքում, սակայն սառը պատերազմը ծավալվում է նաև ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից՝ և՛ Երուսաղեմը, և՛ Թեհրանը փորձում են ընդլայնել իրենց դիրքերն այս առանցքային շրջաններում: Ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղվել է այս տարածաշրջաններից՝ նրա ավանդական ազդեցության երկու ոլորտներից: Օգտվելով այս աճող վակուումից՝ Իսրայելն ու Իրանը մտել են պայքարի մեջ: Առաջինն ամրապնդում է իր գործընկերությունն Ադրբեջանի հետ և նոր կապեր է հաստատում Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ երկրորդը ընդլայնում է կապերը Հայաստանի հետ և ամրապնդում իր դիրքերը Կենտրոնական Ասիայում: Մինչդեռ Թուրքիան տեղաշարժվում է արևմտյան և եվրասիական ճամբարների միջև։ «Ավանդաբար Ռուսաստանը գերիշխում է ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում: Նույնիսկ այն բանից հետո, երբ Խորհրդային Միության փլուզմամբ այս նախկին խորհրդային հանրապետությունները փախան Մոսկվայի անմիջական վերահսկողությունից, Ռուսաստանը շարունակում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները դիտել որպես իր «մոտ արտերկրի» անբաժանելի մասեր:
Չնայած այս ամուր կապերին, կան նշաններ, որ այս տարածաշրջաններում ռուսական գերակայությունը սկսում է խարխլվել», – նշվել է հոդվածում: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին և տնտեսական քաղաքականությունը: Իրանը ճանապարհներ է մշակում Հայաստանի և Վրաստանի միջով՝ ձգտելով ամուր կապեր հաստատել Իրանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև: Ե՛վ Հայաստանը, և՛ Վրաստանը բարելավել են հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Մինչդեռ Ադրբեջանն, ըստ տեղեկությունների, թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր բազաներն Իրանի օդային տարածք հետախուզական թռիչքներ իրականացնելու, ինչպես նաև Իրան հետախուզական օպերատորներ ուղարկելու համար՝ Թեհրանի միջուկային ծրագիրը խաթարելու համար: Իսրայելի ցանկացած հարված Իրանի միջուկային օբյեկտներին, հավանաբար, կանցնի Ադրբեջանի տարածքով: Միևնույն ժամանակ, 2016-2020 թվականներին Ադրբեջանը Իսրայելից ստացել է իր հիմնական սպառազինությունների 69 տոկոսը, ինչը կազմել է Իսրայելի սպառազինության ընդհանուր արտահանման 17 տոկոսն այդ տարիներին: Իսրայելը նույնպես իր նավթի 30 տոկոսը ներկրում է Ադրբեջանից։ Բաքուն օգտագործել է իսրայելական զենքը Հայաստանի հետ Արցախի շուրջ իր պարբերական հակամարտությունների ժամանակ։ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու Իսրայելի ջանքերը, ըստ երևույթին, էապես չեն թուլացել Ադրբեջանի և Թուրքիայի միջև աճող ռազմավարական գործընկերության պատճառով։ Այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ի վերջո, կարող են սահմանափակել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների կայունությունն։ Իսրայելը և Հայաստանը, միևնույն ժամանակ, էականորեն չեն ընդլայնել հարաբերությունները՝ չնայած իրենց նմանությանը որպես փոքր, պայքարող պետություններ, որոնք բախվում են ավելի մեծ թշնամիների և գոյության սպառնալիքների: