Ադրբեջանը միայն Սահմանադրությունը փոխելու պահանջով չի սահմանափակվելու․ ադրբեջանագետ
Թուրք պատգամավորների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե Հայաստանը չի ցանկանում գնալ խաղաղության, ձգձգում է սահմանադրական փոփոխություններն ու զինում բանակը։
«Այս հայտարարություններն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանք են։ Բազմիցս, հատկապես 2021 թվականին, ապացուցվել է, որ այս իշխանությունների նպատակը ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի պետական շահերին ծառայելն է, այլ փառքի քաղաքականություն վարելը։ Հանուն աթոռի և իշխանության՝ պատրաստ են կատարել ցանկացած պետության, գեոպոլիտիկ խաղացողների իղձերն ու պահանջները»,- ABC media-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ալիևի այս հայտարարությունը, ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
Ադրբեջանագետի խոսքով՝ Ալիևի կամ Թուրքիայի հայտարարությունները անակնկալ չեն, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը 2020 թվականից հետո վերափոխվել է, նպատակն էլ դարձել է հարևան պետության՝ Հայաստանի ոչնչացումը։
«Եթե սպասում են, որ սահմանադրական փոփոխություն իրականացվի կամ այլ պահանջներ իրականացվեն, Ադրբեջանը կհանդարտվի և խաղաղության կգնա, դա ինքնախաբեություն է։ Ադրբեջանի նպատակը մաս-մաս, քայլ առ քայլ Հայաստանի ողնաշարը կոտրելու քաղաքականություն վարելն է։ Դրա վառ ապացույցն է Արցախի՝ Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու փաստը։ Մենք գիտենք, որ 2022 թվականի հոկտեմբերին կար նման նախադրյալ։ Իսկ հայկական քարոզչությունը, որը ես հակահայ եմ համարում, փորձում էր մեզ համոզել, որ եթե ճանաչենք Արցախը Ադրբեջանի մաս, ապա խաղաղություն կլինի։ Դա միակ խոչընդոտն է Հայաստանի համար, սակայն տեսանք, որ դա ոչ թե միակ, այլ հերթական պահանջն է, որը չսահմանափակվեց միայն Արցախի կլանմամբ։ Այսինքն՝ եթե սահմանադրական փոփոխությունն էլ լինի, ակնհայտ է, որ դա չի սահմանափակվի միայն այդ պահանջով»,- ասել է Դավթյանը։
Փորձագետը վստահեցնում է, որ թշնամու հաջորդ պահանջը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչների վերադարձն է լինելու։
«Միայն դրանով չեն սահմանափակվելու Ադրբեջանի պահանջները՝ Հայաստանի նկատմամբ, ու սրանք գետնի վրա իրականացվող պահանջներ են, որոնք մեր աչքի առաջ են տեղի ունենում»,- եզրափակել է փորձագետը։