23 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի լուծարման մասին փաստաթուղթը ստիպված ենք ստորագրել, բայց այն իրավական ուժ չի ունեցել․ Սամվել Շահրամանյան

Արցախի լուծարման մասին փաստաթուղթը ստիպված ենք ստորագրել, բայց այն իրավական ուժ չի ունեցել․ Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախ վերադառնալու արցախցիների պատկերացումներն իրատեսական չի համարում։

«Մենք տարբերակներ չենք քննարկել և որևէ առաջարկ չենք ներկայացրել ՀՀ կառավարությանը, վերադարձը մեր իրավունքն է և այն չի կարող հակասել ՀՀ պետական շահերին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։

Նա նշել է, որ տեղահանությունից հետո իրենք որդեգրել են քաղաքականություն, ըստ որի՝ Հայաստանի Հանարպետության անվտանգությունն առաջնահերթություն է։

«Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են ՀՀ-ի իշխանությունների կողմից, և չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ»,-ասել է Շահրամանյանը։

Անդրադառնալով  Փաշինյանի արդարանալուն, թե ինքը չի ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, Շահրամանյանն արձագանքել է․ «Մենք ստիպված ենք եղել ստորագրել, ինչը հնարավորություն է տվել ապահովել  խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան»։

Նախագահը տեղեկացրել է, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տվել նաև տեղափոխել Զինված ուժերը՝ նախարարից մինչև զինվոր, ուժային կառույցների պաշտոնյաները։ «Ցավոք, ունեցել ենք նաև պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության։

Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ հենց սկզբից մենք տեղյակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է և այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո  միայն կարելի էր այդ փաստաթուղթը նորմատիվ ակտ համարել»,-մանրամասնել է նախագահը։

Նա նշել է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո, բնակչության կարծիքն էլ հաշվի առնելով, այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել են որոշում։ «Ես այդ որոշման մասին գրավոր տեղեկացրել եմ Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, իր կից փաստաթղթերով։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի՝ ուժ ունենալու մասին, անիմաստ է, և դա չի համապատասխանում իրականությանը»։