23 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի կորստի մոխիրը միշտ կծխա ձեր սրտերում․ Զատուլինը դիմել է արցախահայերին՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի

Արցախի կորստի մոխիրը միշտ կծխա ձեր սրտերում․ Զատուլինը դիմել է արցախահայերին՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր տելեգրամյան ալիքի գրառմամբ դիմել է արցախահայերին․
«Լեռնային Ղարաբաղի հարգելի բնակիչներ, չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ կերպ ասած՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ։ ԼՂՀ պաշտոնական տոնի՝ Անկախության տոնի նախօրեին, որը նախորդ տարիներին նշվում էր սեպտեմբերի 2-ին, պարտքս եմ համարում իմ ցավակցությունը հայտնել ձեզ, ովքեր, ցավոք, կորցրեցին հայրենիքը 2020-2023 թթ. տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, թողեցին այն հողերը, որոնց վրա ապրել և իրենց կյանքն են անցկացրել, որտեղ ծնվել են ձեր նախնիները, ձեր երեխաները։ Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ ինչ էլ որ ասվի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքն ու ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօրվա իրավիճակում։

Ես հիմա չեմ ցանականում ամեն ինչ տանել դեպի քաղաքական խնդիրների մասին խոսակցության, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, իհարկե, կան», – գրել է Զատուլինը՝ հավելելով, որ հայերը շատ կարճ ժամանակում են ստիպված եղել թողնել իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և դառնալ փախստական։

«Այս մոխիրը միշտ կծխա ձեր սրտերում»,-գրել է նա։

Պատգամավորը նաև շնորհավորել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տոնի կապակցությամբ՝ լիովին վստահ չլինելով, որ իր շնորհավորանքը տեղ կհասնի։

«Նա, ինչպես Արկադի Ղուկասյանը, այնպես էլ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, այսօր գերեվարված ու բանտարկված են։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ ոչինչ չպատահի, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան։ Դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ բնակչություն չի մնացել։ Վստահ եմ, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը և թույլ չտալ, որ շարունակվի այն իրավիճակը, որտեղ մարդիկ, կրկնում եմ, այս հողի բնիկ բնակիչները, մի հող, որի վրա գտնվում են ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մշակույթի համար կարևոր հուշարձաններ, ճարտարապետություն, տաճարներ, վանքեր, կգտնեն իրենց տեղը, և այն հողերը, որոնք այսօր լքված են, կրկին կմշակվեն իրենց տերերի աշխատասեր ձեռքով», -նշել է Զատուլինը՝ մաղթելով արցախահայերին խաղաղություն։