23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում ավարտվել է Արցախից գերեվարված ղեկավարների գործի նախաքննությունը

Բաքվում ավարտվել է Արցախից գերեվարված ղեկավարների գործի նախաքննությունը

Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցած գործի նախաքննությունը, առաջիկայում նյութերն Ադրբեջանի դատարան կփոխանցվեն․ այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

«Քրեական գործի նյութերին ծանոթանում են ինչպես մեղադրյալները, այնպես էլ տուժողները, ինչից հետո նյութերը կներկայացվեն դատարան»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքուն և Երևանը դեռ այդքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչքան հիմա։

Նրա խոսքով՝ կողմերն այս հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը թշնամական գործողություններին վերջ տալու իրական հնարավորություն ունեն։ Քաղաքական գործիչը նշել է, որ ժամանակն է սկսել փոխել Հարավային Կովկասը։