Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։
«Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում ենք անբաժանելի անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։ Մենք հույս ունենք, որ առկա տարաձայնությունները շուտափույթ լուծում կստանան, ինչը հաջող առաջընթաց կբերի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել բարեկամ երկու երկրների և ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար», – շեշտել է դեսպանը։
Լրագրողի հարցին, թե Երևանի և Բաքվի միջև թերևս ամենահրատապ խնդիրը կապված է Հայաստանի հարավային մարզով՝ Սյունիքով, տարանցիկ երթևեկության կազմակերպման սկզբունքների հետ։ Ինչպիսի՞ն է Ռուսաստանի մոտեցումը դրա լուծմանը, դեսպանը պատասխանել է․ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմից։ Հենց դա է արել 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Եռակողմ աշխատանքային խումբը, երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։ Այն իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների։
«Հավաքական Արևմուտքի» ճնշման տակ՝ Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ: Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև՝ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար։
Միևնույն ժամանակ, «կոլեկտիվ Արևմուտքի» նպատակները, որտեղ Հայաստանի ղեկավարությունն այժմ ակտիվորեն նոր գործընկերներ է փնտրում անվտանգության ոլորտում, լրիվ հակառակ բնույթ ունեն։ Բացահայտ խնդիր է դրված խաթարել ինչպես Եվրասիայի տարածքի վրա ազդող գլոբալ ինտեգրացիոն գործընթացները, այնպես էլ ավելի նեղ, բայց ոչ պակաս կարևոր նախագծերը՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ։ Տարածաշրջանի բարգավաճումն ու խաղաղությունը չեն դիտարկվում և, ակնհայտորեն, զոհ են գնալու արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական շահերին», – նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները գործնականում չեն թաքցնում, որ պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանին հարևան երկրներում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացմանը։ Այս նպատակներին հասնելու համար շահարկվում են ներտարածաշրջանային հակասությունները։ Նման «գործընկերների» ո՛չ շարժառիթները, ո՛չ էլ «վարկային պատմությունը» վստահություն չեն կարող և չպետք է ներշնչեն։ Արևմուտքին ձեռնտու է լարվածության օջախների պահպանումը հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանին թուլացնելու համար, որն, ըստ էության, մնում է այստեղ անվտանգության գլխավոր երաշխավորը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տանը։ Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և դրանում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու «կոլեկտիվ Արևմուտքի» ծրագրերն ամբողջությամբ անհամապատասխան են։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի շրջանակներում, ի հայտ եկած խնդիրների փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»։