Արցախը լուծարելու թուղթն էլ, ԱՀ-ից հայկական զորքը դուրս բերելու փաստաթուղթն էլ չենք տեսել, ինչո՞ւ ենք միայն առաջինով առաջնորդվում․ Խաչատրյանը՝ Սիմոնյանին
Արթուր Խաչատրյանն Ազգային ժողովում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրել է Արցախի նախագահը, ուստի Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի։
Պատգամավորը Սիմոնյանին հիշեցրել է, որ Արցախի Սահմանադրության մեջ պետության լուծարման մասին ոչինչ չկա։
«Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության նախագահն այդ փաստաթուղթը ստորագրել է, որպեսզի կանխի ջարդը, որովհետև երբ հայկական Զինված ուժերն առանց որևէ փաստաթղթի դուրս եկան Արցախից, ադրբեջանական զորքերը սկսել էին ջարդել արցախցիներին։ Արցախի նախագահն էլ ասել է, որ այդ թուղթը ինքը չեղյալ է համարել, և, վերջապես, այն որևէ տեղ հրապարակված չի էլ եղել։ Ընդ որում՝ ՀՀ ԶՈՒ-ի՝ Արցախից դուրս գալու որոշման թուղթն էլ չի հրապարակվել։ Երկու փաստաթուղթն էլ չեք տեսել, ինչո՞ւ եք միայն առաջինով առաջնորդվում»,- ասել է Խաչատրյանը։
Պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան, Սիմոնյանը հայտարարել է՝ ինձ համար Արցախի նախագահ գոյություն չունի։ Կա միայն ՀՀ Սահմանադրություն, չկա որևէ այլ Սահմանադրություն։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե Արցախի Հանրապետության պաշտոնյա այլևս գոյություն չունի, ուստի Հայաստան—Արցախ միջխորհրդարանական հարաբերությունների ապահովման համար ստեղծված հանձնաժողովը պետք է լուծարել։