17 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ռազմաքաղաքական գերիների վերադարձի հարցը մինչև COP29-ը պետք է բարձրաձայնվի․ Արտակ Բեգլարյան

Արցախի ռազմաքաղաքական գերիների վերադարձի հարցը մինչև COP29-ը պետք է բարձրաձայնվի․ Արտակ Բեգլարյան

COP29-ը՝ ՄԱԿ կլիմայական համաժողովը, «լավ» հնարավորություն է Հայաստանի խնդիրները բարձրաձայնելու, միջազգային ուշադրություն կենտրոնացնելու, պատանդառվածների մասին խոսելու համար։ ABC media-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանությունը պետք է Արցախի ռազմաքաղաքական գերիների վերադարձի հարցի շուրջ կենտրոնացնի միջազգային հանրության ուշադրությունն ու դիվանագիտական խողովակներով մեծացնի միջազգային ճնշումը։ Մյուս կողմից հստակ է, որ Ալիևը փորձում է այս հարցը նույնպես դարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի հարցերից մեկը, որպեսզի Հայաստանից դրա դիմաց ստանա որևէ զիջում»,- ասել է Բեգլարյանը։

Բեգլարյանը կարծում է՝ COP29-ին մասնակցող երկրների ներկայացուցիչները ևս կարող են բարձրաձայնել այդ հարցը, եթե իհարկե, այսպես կոչված, տեղեկացված լինեն դրանից դիվանագիտորեն կատարված քայլերով։

«Բացի այդ՝ այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն COP29-ին, այնտեղ պետք է բարձրաձայնեն Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայրենազրկման, բռնի տեղահանման հարցերը, մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարց»,- ասել է նախկին պետնախարարը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Բաքվուն հյուրընկալելու է COP29՝ ՄԱԿ կլիմայական փոփոխության համաժողովը։ COP29-ին հրավիրված են աշխրահի շուրջ 80 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսին հայտարարել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշում դեռ չկա։

Մինչ այդ՝ ABC media-ն հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու մասնակցելու որոշում կա՞։ ԱԳՆ պատասխանը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ։

Ամբողջ ընթացքում թեման մեր խմբագրության ուշադրության կենտրոնում էր։ COP29-ի վերաբերյալ մեր ռեպորտաժները՝ ստորև։