14 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վիշապ-արջ» համագործակցությունը. Չինաստանի և Ռուսաստանի լրտեսական գործողությունները համընկնում են Եվրոպայում․ POLITICO

«Վիշապ-արջ» համագործակցությունը. Չինաստանի և Ռուսաստանի լրտեսական գործողությունները համընկնում են Եվրոպայում․ POLITICO

Ըստ եվրոպական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պեկինը գործակալներ է հավաքագրում ԵՄ քաղաքական գործիչների շրջանում, ովքեր հավատարմություն են դրսևորել Մոսկվայի նկատմամբ, ինչն ընդգծում է նրանց համերաշխությունը, գրել է POLITICO-ն:

Չինաստանի և Ռուսաստանի «առանց սահմանների» բարեկամությունը փորձնական փուլ է անցնում Եվրոպայում:

Պեկինի և Մոսկվայի լրտեսական գործողությունները, ներառյալ գործակալների հավաքագրումը, գնալով ավելի են համընկնում Եվրամիության ներսում, POLITICO-ին հայտնել է եվրոպական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան։

Անվտանգության վերլուծաբանները նշում են ԵՄ գործերի վրա ազդելու Պեկինի աճող փորձերը:

Չեխիայի ներքին գործերի ղեկավար Միխալ Կուդելկան հայտնել է, որ երկու տերությունները ունեն Արևմուտքը քայքայելու, Ուկրաինային աջակցությունը թուլացնելու և լիբերալ դեմոկրատիան պառակտելու նույն նպատակները։

«Պատահական չէ, որ միևնույն սուբյեկտները կարող են ծառայել ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շահերին», – նշել է Կուդելկան։ ԵՄ դիվանագիտական ծառայության Ասիայի հարցերով նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գունար Վիգանդի խոսքով՝ չինական հետախուզության՝ եվրոպական քաղաքականության վրա ազդելու ռիսկը Ռուսաստանի կողմից մշակվող ցանցերի միջոցով, որոնք ներթափանցել են ԵՄ ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախակողմյան քաղաքական կուսակցություններ, անընդհատ աճում է։«Դա կարող է նկատվել նաև վերջերս Եվրախորհրդարանի ընտրությունների համատեքստում»,- հավելել է նա։

Վերջին օրինակը, թե ինչպես կարող է աշխատել այս խաչաձև հավաքագրումը, Ֆրենկ Կրեյելմանի՝ ֆլամանդացի ազգայնական քաղաքական գործչի օրինակն է։ Կրեյելմանը հեռացվել է իր Vlaams Belaang կուսակցությունից 2023 թվականին, այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են, որ նա վճարվել է չինացի լրտեսների կողմից՝ Պեկինին օգտակար տարբեր առաջադրանքներ կատարելու դիմաց: Կրեյելմանը նախկինում հայտնի է եղել ռուսամետ դիրքորոշումներով։ Մեկնելով Մոսկվա՝ նա հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ուկրաինային արևմտյան օգնությանը: