ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «հարևանների» կողմից շարունակվում են․ ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա համոզմամբ՝ ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է արցախահայերի բռնագաղթի 1 տարին, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, և ՀՀ իշխանությունների կողմից նրանց վերադարձնելու քայլեր չեն կատարվել։
«Երկու տարի է անցել այն գործողություններից, երբ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիներ ներթափանցեցին և այսօր գործուն գործողություններ չեն իրականացվում՝ նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու համար։ Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և այն չի վերջացել։ Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ամբողջ Արցախը և դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է իրականացվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»,-ասել է Օհանյանը։
Խմբակցության ղեկավարը նշել է՝ խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։
Նա նշել, որ այսօր տեղի ունեցող խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և ճնշումների արդյունք է։
«Սա նման է սահմանազատման այն գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակողմանի զիջումներ իրականացվեցին։ Ադրբեջանի նման հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է կամ այն պարզապես շեղում է իրողությունից»,-ասել է Օհանյանը։