23 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. Ասված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։

«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռևս անհասանելի: Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում: Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ և ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց իննամսյա ավերիչ շրջափակմամբ և բացահայտ  ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել և իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից և պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային և կրոնական ներկայության և հիշողության բոլոր մնացորդները: Սա անընդունելի է։ Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամյա շարունակական ներկայության պատմական խաթարում է։

Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. այս սկզբունքը վերահաստատել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյան որոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար:

Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն ավարտվել է միայն այն պատճառով, որ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա։ Տեղահանված անձանց իրավունքները պետք է հարգվեն, իսկ նրանց վերադարձը ապահովվի միջազգային պաշտպանության ներքո:

Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի և ինքնորոշման իրավունքի խթանման իր մանդատի իրագործմանը։ Հանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ՝ մշտապես ընդգծելով տեղահանված բնակչության անվտանգ և հավաքական հայրենադարձության անհրաժեշտությունը: Այս ջանքերի շնորհիվ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, և այդ նպատակների համար կա զգալի միջազգային աջակցություն. աջակցություն, որն այժմ կախված է Հայաստանի կառավարության ակտիվ առաջնորդությունից:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռական գործողություններ ձեռնարկել այս կարևորագույն ուղղությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին։ Սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն և հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը։

Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության լռությունը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև վտանգում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունը: Խաղաղությունը պահանջում է մարդկային արժանապատվություն, իսկ մարդկային արժանապատվությունը միշտ արմատավորված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։