Ռուս մի շարք հայտնի գործիչներ բաց նամակ և ուղերձ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ռուս մի շարք գործիչներ ուղերձ ու բաց նամակ
են հրապարակել՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից գերևարված ու ապօրինաբար ձերբակալված
Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի։ Այս մասին գրում
է РБК-ն։
Բաց նամակի հեղինակները շեշտել են՝ Ռուբեն Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության
և հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության՝
նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքն անհաղթահարելի է թվում։
«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ՝ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար
աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։
Ուղերձ-բաց նամակի ներքո 22 ռուս գործիչ է ստորագրել։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի
նախկին ղեկավար, այժմ՝ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր
Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը
և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան,
«Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի
պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական
ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլ գործիչներ։