ABCMEDIA
Ռուս մի շարք  հայտնի գործիչներ բաց նամակ և ուղերձ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Ռուս մի շարք հայտնի գործիչներ բաց նամակ և ուղերձ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Ռուս մի շարք գործիչներ ուղերձ ու բաց նամակ
են հրապարակել՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից գերևարված ու ապօրինաբար ձերբակալված
Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի։ Այս մասին գրում
է  РБК-ն։

Բաց նամակի հեղինակները շեշտել են՝ Ռուբեն Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության
և հօգուտ  իրավահավասար պայմաններում երկխոսության՝
նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքն անհաղթահարելի է թվում։

«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ՝ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար
աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։

Ուղերձ-բաց նամակի ներքո 22 ռուս գործիչ է ստորագրել։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի
նախկին ղեկավար, այժմ՝ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր
Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը
և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան,
«Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ա
Ս Պուշկինի անվան կերպարվեստի
պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական
ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլ գործիչներ։