
Փաշինյանը Շաքիի միջադեպը նուրբ ձևով փորձում է բարդել տուժած հայ կնոջ վրա․ Քոչարյան
Չեմ կարծում, թե տրամաբանող ցանկացած մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն․ խորհրդարանական ճեպազրույցներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համոզմանը հակառակ տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Շաքիի միջադեպին։
«Այն դեպքում, երբ իշխանությունն անդադար կրկնում է, թե կա հաստատված խաղաղություն, ադրբեջանցի զինված զինծառայողը ոչ միայն հայտնվում է ՀՀ տարածքում, այլև խորանում է 10 կմ, մտնում է հայ քաղացու տուն, և լինում է այն, ինչ եղել է։
Սա որակել որպես սովորական հանցագործություն, չի տեղավորվում տրամաբանության մեջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա առանձնացրեց, որ Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանում տհաճ էր այն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում էին մեղքը նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որ մտել է տուն, տեսել ադրբեջանցի զինված տղամարդուն ու փորձել է պաշտպանել իր ընտանիքը։
«Փաշինյանը երեկ հստակորեն պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը։ Անմեղության կանխավարկածը մի՛շտ պետք է հարգվի, բոլոր դեպքերում, բայց էստեղ կա հստակ տարբերություն։ Երբ խոսքն ընդդիմադիրներին վերաբերող գործերի մասին է, Փաշինյանն ու իր թիմն անմեղության կանխավարկածը խախտում են ամեն կերպ։ Միանգամից մեղավոր են կարգում, վերդիկտ են կայացնում, իսկ ադրբեջանցու հետ կապված շատ զգույշ են, ասում են՝ դեռ պետք է դատ լինի՝ հասկանալու համար, թե ինչ է եղել, ինչպես է եղել, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք և այլն։ Բայց երբ խոսքն ընդդիմադիրների մասին է, ի՞նչ օբյեկտիվություն, ի՞նչ դատական վճիռ, միանգամից մեղավորներ են կարգում»,- ներկայացրեց Քոչարյանը։


