
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Եվրոպային գազի վաճառքի հարցը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին․ Reuters
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, բանակցություններ են վարել «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարների նախագծում ամերիկյան ներդրողի ներգրավման շուրջ. այդ գազատարներով մինչև ռուս–ուկրաինական պատերազմը գազ էր մատակարարվում Գերմանիա․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների։
Քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր խորհրդական Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Քուշները, ով փորձում է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման հարցում, գտնում է, որ գործարար կապերն առանցքային նշանակություն ունեն խաղաղության վերականգնման գործում։ Նման գործարքը թույլ կտա ամերիկյան ներդրողներին շահույթ ստանալ դեպի Եվրոպա իրականացվող էներգակիրների մատակարարումներից՝ պատերազմի ավարտից հետո։
Վերջին շաբաթների ընթացքում Դմիտրիևն ու Քուշները հանդիպել են Մոսկվայում և Նյու Յորքում։ Ինչպես Reuters-ին հայտնել են աղբյուրներից երկուսը, թեև հստակ չէ, թե որքանով են նրանք այդ հանդիպումների ժամանակ քննարկել «Հյուսիսային հոսքի» հարցը, այդ թեման շարունակում է մնալ օրակարգում։
Սպիտակ տան պաշտոնյան, պատասխանելով գազատարի վերաբերյալ քննարկումների մասին հարցին, հայտնել է, որ «վերջին շրջանում «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ քննարկումներ չեն եղել»։
Դմիտրիևն, ով հանդես է գալիս Գերմանիային ռուսական գազի վաճառքի վերսկսման օգտին, անցյալ ամիս հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու էներգետիկ ոլորտում ռուս-ամերիկյան հնարավոր նախաձեռնությունները։ Դմիտրիևի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ, առկա խոչընդոտների պայմաններում, միջնաժամկետ հեռանկարում գործարքի կնքումը քիչ հավանական է։ «Հյուսիսային հոսք» գազատարները գտնվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ներքո, ինչն անօրինական է դարձնում դրանց աշխատանքի ցանկացած վերսկսում։
Թրամփը կարող է չեղարկել կամ մեղմել ամերիկյան պատժամիջոցները, սակայն եթե հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրություններում դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի նկատմամբ, դա ավելի բարդ կլինի։


