
ԵՄ խորհրդի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ և Ադրբեջան
Եվրոպական միության խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը (COEST) այցելել է Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունում։
Սեպտեմբերի 28-ից 30-ը COEST-ի պատվիրակները եղել են Հայաստանում, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը պատվիրակները եղել են Ադրբեջանում՝ հանդիպումներ ունենալով պաշտոնատար անձանց հետ։
Այցը հնարավորություն է ընձեռել մտքեր փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների, ինչպես նաև քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։
ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Խորհրդի գլխավոր քարտուղարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում էր COEST-ի նախագահ Վերոնիկա Ֆրիդրիշեկը։


