Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համապատասխանությանը, Հունաստանի հետ հարաբերություններին, առևտրային համաձայնագրերին ու Թուրքիայի իրավական և վարչական համակարգին, ինչպես նաև ԲՐԻՔՍ-ի ու ՌԴ-ի հետ զարգացող հարաբերություններին, գրում է Ermenihaber-ը։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում իրավիճակը վատթարանում է օրենքի, հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից, նաև շեշտվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների ու տեղական կառավարիչների վրա իշխանության ճնշումները թուլացրել են ժողովրդավարությունը:
Անդրադարձ է կատարվել 2017-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո կիրառվող նախագահական համակարգին։ Մասնավորապես նշվել է, որ նախագահի համակարգը զուրկ է հավասարակշռման և վերահսկման մեխանիզմներից։
Զեկույցում մատնանշվում է նաև, որ Թուրքիան կարևոր առևտրային, քաղաքական ու անկանոն միգրացիայի դեմ պայքարի գործընկեր է։ Ընդգծվել է, որ Թուրքիան ԵՄ հինգերորդ խոշոր առևտրային գործընկերն է ու երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմում է 206 մլրդ եվրո։
Մասնավորապես ընդգծվում է, որ Թուրքիայի նավահանգստային մարմինները և մաքսային կանոնակարգերը պետք է վերադասավորվեն ԵՄ-ի սահմանած ռուսական պատժամիջոցներին համապատասխան, բայց և նշվում է, որ Թուրքիան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ։