11 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։

Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Գրիգոր Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև իր եպիսկոպոսական ձեռնադրությանը մասնակցելու համար։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության, որում իր ներդրումն ունի նաև ֆրանսահայ համայնքը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին պատվիրակության մասնակցությունը։

Իր խոսքում Հայոց Հայրապետը նշեց նաև, որ առանձնակի գոհունակություն  է տեսնել Ալֆորվիլի քաղաքային իշխանության և հայ համայքնի սերտ գործակցությունը, ինչպես և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը՝ տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով:

Նորին Սրբությունը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, Արդբեջանում պահվող գերիների ազատ արձակման, արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:

Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ։