ABCMEDIA
Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ուխտի է հրավիրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ուխտի է հրավիրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և
արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է

«Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի
Գանձատնից դուրս են բերվել սրբոց մասունքները, որոնք վաղը՝ որպես  ԼՈՒՍՈ ԽՈՐԱՆ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ճառագայթներ, պետք է
սփռվեն Հայոց աշխարհում: Պետք է ճառագայթեն և իրենցից բաշխվող աստվածային զորությամբ
լուսավորն ու սրբագործեն ի Հայաստան բնակվող հայության միտքը, սիրտն ու հոգին:

Ծանր վիշտ ենք ապրում ամենքս… Ծանրագույն
են կորուստները, որոնք, սակայն, վերականգնելի են: Այո, երիցս, այո:

Կանգնած աստվածակառույց Սուրբ Էջմիածնի լուսեղեն
Տաճարի առջև՝ հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու
ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. տիրելու
ենք ոչ թե սոսկական հողին, այլ՝ աճելով բազմացած Հայոց ազգն է վերահաստատվելու իր բնիկ
Հայրենիքում: Մեր բոլոր թշնամիք անպայմանորեն խորտակվելու են. այլ կերպ հնարավոր չէ:
Աստված մեզ հետ է, հարկ է, որ մենք էլ լինեն մեր Ամենազոր Աստծո հետ:

Հայոց Հայրապետի մասնավոր հոգածությամբ դուրս
բերված սրբոց մասունքները՝ որպես կենդանի սուրբեր մեզ համար բարեխոսներ են: Վաղը նրանք
էլ մեզ հետ բախելու են Երկնքի դռները և մեր սրտագին աղոթքները մատուցելու են մեր Արարիչ
Աստծուն:

 Սիրելիներ,

 Վաղը մեր հավատքի, մեր հոգևոր արթնության,
արիության և զորության մի կարևոր վկայության օր է: Իմ խնդրանքն է, հորդորը, որ գտնենք
ժամանակ և ուխտի ելնենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ՝ Բաց Խորանում, Սբ Տրդատ
Մեծ արքայի խորանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և աստվածամուխ Սբ Գեղարդով կատարվելու
է օրհնության կարգ:

Որքա՜ն խորհրդանշական է, որ Տիրոջ առաջ ներկայանալու
ենք՝ Սբ Տրդատ Մեծ արքայի խորանի առջև կանգնելով:

Սբ Տրդատ Մեծ արքան և Սբ Գրիգոր Լուսավորիչ
Մեծ հայրապետն ընդմիշտ բարեխոս են իրենց կերտած ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՔԻ համար:

Եկեք, սիրելի հայեր, եկեք և ծովացրեք ՍՈՒՐԲ
ԷՋՄԻԱԾԻՆԸ, որպեսզի նորեն լծվենք հայրենաշինության սուրբ գործին և ի լուր այս մութ
աշխարհի ցոլացնենք մեր Սուրբ Հավատքի լույսը և մեր հզոր բազկի ուժը:

Թող Ամենակալ Աստված մեզ լինի ապավեն և մարտակից:

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՎԱԾ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԳՐԿԱԲԱՑ Է,
ՆԱ ՁԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ»։