Սլովակիայի նախկին նախագահին զրկել են թոշակից
Սլովակիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դադարեցրել է նախկին նախագահ Անդրեյ Կիսկային կենսաթոշակի վճարումը հարկային խարդախությունների մեջ նրա մասնակցության պատճառով։
Սլովակիայի նախագահները պաշտոնը թողնելուց հետո տարեկան ստանում են մոտ 50 հազար դոլար թոշակ։
Նախագահի աշխատակազմը հավելել է, որ վճարումների դադարեցումը պայմանավորված է Վերաքննիչ դատարանի հոկտեմբերի 31-ի որոշմամբ, որը հաստատել է ստորադաս դատարանի որոշումը, որով Կիսկային մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ և դատապարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման։
Նախկին նախագահը իրեն մեղավոր չի ճանաչում և հայտարարել է որ կվիճարկի դատավճիռը իր անունը մաքրելու համար։