Եթե Օջալանին ազատ չարձակենք, Թուրքիան հող կկորցնի․ Բահչելի
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է վերջերս օրակարգային դարձած իր հայտարարություններից մեկին․ գրում է Ermenihaber-ը։
Մասնավորապես Բահչելին, խոսելով Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին ներում շնորհելու և այդպիսով «ՔԲԿ»-ի հետ կապված հարցերը լուծելու վերաբերյալ իր հայտարարության մասին, ասել է․
«Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։
Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։