23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄՔԴ-ի որոշումները չպետք է լինեն երկիմաստ կամ կողմնակալ, ինչը տեսնում ենք Ադրբեջանի հարցում. Newsweek

ՄՔԴ-ի որոշումները չպետք է լինեն երկիմաստ կամ կողմնակալ, ինչը տեսնում ենք Ադրբեջանի հարցում. Newsweek

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վերջին որոշումն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Մուհամմադ Դեյֆի նկատմամբ Իսրայել-Համաս պատերազմում նրանց դերի համար կալանավորման օրդեր տրամադրելու մասին, ընդգծում է երկակի ստանդարտները, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանույուն իրականացնելու մեղադրանքներին, գրել է Newsweek-ը:

Ինչպես նշվել է, թեև կասկած չկա, որ պատերազմի ընթացքում կատարվել են պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ, որոնց հետևանքով և՛ պաղեստինցիները, և՛ իսրայելցիները աներևակայելի կորուստներ են կրել, ՄՔԴ-ի որոշումը չունի որևէ հետևողականություն օրենքի կիրառման և դրա իմաստի հարցում:
«Ահա թե ինչու ՄՔԴ-ն պետք է նաև ձերբակալության օրդեր արձակի Ադրբեջանի նավթային բռնապետ Իլհամ Ալիևի համար՝ նման պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների այլ խախտումների համար՝ ներառյալ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները, եթե նրանք ցանկանում են, որ աշխարհը լրջորեն վերաբերվի կառույցին», – նշվել է հոդվածում և ընդգծվել, որ Ադրբեջանն անում է ամեն բան իր գործողությունների պատասխանատվությունը շրջանցելու համար: «Ահա, թե ինչու նրանք կարողացան օգտագործել COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ամենամյա համաժողովը, որպեսզի սպիտակեցնեն իրենց իմիջը համաշխարհային ասպարեզում», – նշվել է հոդվածում:

Շեշտվել է, որ ՄՔԴ-ի որոշումները չպետք է լինեն երկիմաստ կամ կողմնակալ: «Ցավոք, մենք դա տեսնում ենք ներկայումս Ադրբեջանի հարցում», – գրել է կայքը։ Ինչպես նշվել է, Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ անօրինական պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային և պատմական վայրերը՝ ներառյալ եկեղեցիներն ու վանքերը՝ փորձելով ջնջել հայկական գոյության հետքերը տարածաշրջանում:2020 թվականի պատերազմին հաջորդել է տարածքի 10-ամսյա շրջափակումը, որն այնքան անտանելի է դարձրել կենցաղային պայմանները, որ ավելի քան 120,000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղն, ինչը հայերի ամենամեծ տեղահանումն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր: Մեկ հարվածով Ադրբեջանը տապալել է հազարամյա մշակույթը և քաղաքակրթությունը: ՄՔԴ-ի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դա անվանել է ցեղասպանություն և ասել, որ դա այն ժամանակ աշխարհի ամենամեծ փախստականների և մարդասիրական ճգնաժամերից մեկն էր: Չնայած այս հանցագործություններին ու վայրագություններին՝ Ադրբեջանը կարողացել է խուսափել միջազգային հանրության կողմից ցանկացած պատժից կամ արհամարհանքից:

«Սիրահարված լինելով Ադրբեջանի նավթի և բնական պաշարների վրա և կարևորելով Իրանի հետ նրա հարևանություը՝ արևմտյան առաջնորդները, ինչպիսին նախագահ Ջո Բայդենն է, հրաժարվել են դատապարտել Ադրբեջանին և արգելափակել են ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր, որոնք քննադատում են Ադրբեջանին: Բայդենի վարչակազմը նաև դեմ է արտահայտվել Կոնգրեսի յուրաքանչյուր միջոցառմանը, որն ուղղված է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն կամ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

Նույնիսկ Եվրամիությունն Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականը գազի ներկրումը կրկնապատկելու մասին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ալիևին անվանել է «վստահելի գործընկեր»։

Այս հաշվետվողականության բացակայությունը թույլ է տալիս այնպիսի երկրներին, ինչպիսին է Ադրբեջանը, գործել անպատժելիորեն՝ միաժամանակ խաթարելով միջազգային դատարանների ամբողջականությունը, ինչպիսին է ՄՔԴ-ն, որոնք ստեղծվել են, առաջին հերթին, ռազմական հանցագործությունները կանխելու համար», -փաստել է Newsweek-ը: