Վրաստանը միավորել է ՀՀ-ին և Ադրբեջանին. տարածաշրջանի երկրները նախընտրում են գնալ «իրենց ճանապարհով»․ Մարկեդոնով
Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունները մտածելու տեղիք են տվել․ կարծում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ փորձագետի՝ հատկանշական է, որ նորընտիր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիին շնորհավորած պետությունների և կառավարությունների առաջին ղեկավարներից էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկու առաջնորդներ, ովքեր չեն կարողանում լիովին համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը (առայժմ 17 կետերից միայն 15-ի շուրջ է համաձայնեցված + նախաբանը, Հայաստանի Սահմանադրության հետ կապված անհամապատասխանությունները պահպանվում են): «Ինչո՞ւ վրացական գործոնը միավորեց երկու հարևան պետությունների ղեկավարներին, ում, դժվար թե, կարելի է բարեկամներ անվանել։
Պատասխանը քիչ թե շատ մակերեսային է. և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղ և կայուն Վրաստան: Բաքվի ղեկավարության համար վրացական ժողովրդավարության գործոնները կարևոր չեն, իսկ Երևանի ղեկավարության համար, դրանք հավանաբար ընդհանուր տեսական նշանակություն ունեն, բայց կանխատեսելի հարևանը շատ ավելի կարևոր է», – կարծում է փորձագետը:
Նրա խոսքով՝ Վրաստանում ապրում են նաև ադրբեջանական և հայկական համայնքներ, որոնց բարեկեցությունը կարևոր է նաև Բաքվի և Երևանի համար։ Բայց եթե վաղը Թբիլիսիում հանկարծ որոշեն, որ Կավելաշվիլին լեգիտիմ չէ, Ալիևն ու Փաշինյանը կճանաչեն «վրաց ժողովրդի կամքը», քանի որ պրագմատիկությունն ու բարիդրացիությունը նրանց համար ավելի կարևոր են. «Այսօր մենք շատ ենք խոսում բազմակենտրոնության մասին՝ որպես իդեալական աշխարհակարգի։ Բայց Կովկասում, շատ առումներով, դա արդեն իրականացվում է։ Վրաստանը հեռանում է Արևմուտքից (բայց զգուշորեն և ընտրողաբար), իսկ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից (ավելի քիչ զգուշավոր և ավելի քիչ ընտրողաբար), բայց նրանք պատրաստ են փոխազդել միմյանց հետ», – նշել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ երկար տարիներ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն անվանվել է «ճոճանակային քաղաքականություն»։
Այսպես, ամփոփում է տարածաշրջանի երկրները նախընտրում են գնալ «իրենց ճանապարհով», որոնց կոնֆիգուրացիան միշտ չէ, որ տեղավորվում է գեղեցկության մասին մեծ տերությունների պատկերացումների մեջ։