Անկախ լրագրողների նկատմամբ քրեական հետապնդումն ընդգծում է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը․ Eurasianet
Դիտորդական խմբերը, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), դատապարտել են յոթ անկախ լրագրողների հետապնդումն Ադրբեջանում՝ որակելով նրանց առաջադրված մեղադրանքները որպես «պատասխան»՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին քննադատելու համար, գրել է Eurasianet-ը:
Դատավարության ակնհայտ քաղաքական բնույթը հուշում է, որ դրա ելքը վաղուց կանխորոշված է։
«Լրագրողների մեծ մասը, ովքեր Ադրբեջանի ամենահայտնի անկախ լրատվամիջոցներից են, ձերբակալվել են արժույթի մաքսանենգության նմանատիպ մեղադրանքներով՝ կապված Արևմուտքի ենթադրյալ ֆինանսավորման հետ՝ Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունների անկման պայմաններում», – նշվել է CPJ-ի հայտարարությունում։
Դեկտեմբերի 9-ին Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ճանաչվել է «կոռուպցիայի դեմ պայքարի չեմպիոն»՝ «Ադրբեջանում բարձր մակարդակի կոռուպցիայի բացահայտմանն իր նվիրվածության համար»։
Դեկտեմբերի 18-ին Ալիևը պատասխան կրակ է բացել քննադատների ուղղությամբ՝ պաշտպանելով ֆինանսավորման հետ կապված մեղադրանքների օրինականությունը։ Դրանով, սակայն, նա, կարծես, հաստատել է բռնաճնշումների քաղաքական դրդապատճառները:
«Ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորվել նույնիսկ 1 տոկոսով արտասահմանյան որևէ աղբյուրից», – հայտարարել է Ալիևը՝ շեշտելով, որ դրսից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներն «իրենց գաղտնի ռեսուրսների միջոցով՝ գիշեր-ցերեկ արատավորում են մեր ժողովրդին և երկրին և ստվեր են գցում մեր հաղթանակի վրա»:
Ինչպես նշվել է, ձերբակալված լրագրողների գործով նախագահող դատավորները կողմնակալ են եղել։ Դատավարությունը բաց չի եղել մամուլի համար, և ամբաստանյալների ընտանիքի անդամները բողոքել են, որ դատավարության դահլիճը լեփ-լեցուն է եղել իշխանության ընտրված անձանցով, որպեսզի թույլ չտան անկախ դիտորդներին ներկա գտնվել դատավարությանը: