ABCMEDIA
Ցեղասպանություն․ Լեռնային Ղարաբաղում կատարվողը անվանեք իր իսկական անունով․ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը The Washington Post-ի համար

Ցեղասպանություն․ Լեռնային Ղարաբաղում կատարվողը անվանեք իր իսկական անունով․ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը The Washington Post-ի համար

2021 թվականին նախագահ Բայդենը ճանաչեց 1915 թվականին  ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայերի հեռացումը
իրենց հողերից որպես ցեղասպանություն: Միացյալ Նահանգները լռում էր այդ հարցի շուրջ
ավելի քան մեկ դար, և նրա լռությունը ծանր հետևանքներ ունեցավ:  Այսօր հայերին պետք են համաշխարհային առաջնորդներ,
ներառյալ Բայդենը, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է այս ձմռանը
և այժմ թևակոխել է ավելի դաժան փուլ: Այս մասին The Washington Post պարբերականում
տպագրված իր հոդվածում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ,
1985 թվականին ռազմական խունտայի դեմ գործով Արգենտինայի ազգային դատախազ Լուիս Մորենո
Օկամպոն։

Հեղինակն ընդգծում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց Ադրբեջանը
պահանջել է Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությանհանձնումը և Ղարաբաղի իշխանություններին
ենթկա բոլոր զինված ուժերի զինաթափումը։ Ադրբեջանի հաղթանակն ակնհայտ դառնալուց հետո
Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայ խաղաղ բնակիչներ հավաքվեցին Ստեփանակերտի օդանավակայանի
շուրջ, փորձելով լքել իրենց նախնիների հողերը:

Օկամպոն գրում է, որ նրանք բոլոր իրավունքներն ունեն վախենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևի հետագա քայլերից, քանի որ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է
Լաչինի միջանցքը՝ միակ կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Փետրվարի 22-ին Արդարադատության
միջազգային դատարանը, երկու կողմերի փաստարկները լսելուց հետո, որոշել է, որ շրջափակումը
«իրական և անմիջական վտանգ է ներկայացնում» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «առողջության
և կյանքի» համար:

Նախկին գլխավոր դատախազը հիշեցնում է,որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտավորեցնող
հրամանը կատարելու փոխարեն՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը հունիսին ավելացրեցին շրջափակման
ծավալը՝ կանխելով անգամ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության
պարագաների մուտքը: Այդ ժամանակվանից ի վեր Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարել դատարանի որոշումը: Նա հասկացել էր,
որ Ադրբեջանն իր գործողությունների միջազգային հանրության կողմից լուրջ հետևանքների
չի բախվի։

Ադրբեջանի անհնազանդությունը չարագուշակ է. Միջազգային իրավունքում Ցեղասպանության
մասին 1948 թվականի կոնվենցիան հստակեցնում է, որ հանցագործության կատարման եղանակներից
մեկը «խմբի կյանքի պայմանների դիտավորյալ վնասումն է, որը հաշվարկված է նրա ֆիզիկական
ոչնչացման համար ամբողջությամբ կամ մասնակիորեն» (Հոդված II գ) . Արգելափակելով Լաչինի
միջանցքը՝ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածեց 120 հազար հայերի համակենտրոնացման հսկայական
ճամբարի։ Այս շաբաթվա ռազմական միջամտությունը ավելացրեց սպանությունները (հոդված
II ա) և լուրջ մարմնական և հոգեկան վնաս պատճառելը (հոդված II բ)։

Ի՞նչ կլինի հետո, հարցադրում է հեղինակը։ Նա նշում է, որ քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները
հանձնվել են, միջազգային հանրությունը հորդորել է Ալիևին երաշխավորել «անկլավում գտնվող
իր հայ քաղաքացիների լիարժեք իրավունքները»: Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ
«չի իրականացնում էթնիկ զտումներ» և վստահեցրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարեկեցություն
կբերի տարածաշրջանին։

Բայց, Օկամպոն  շեշտում է, որ այս հռետորաբանությունը
դատարկ է թվում՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն եղել է: Իսկ Ադրբեջանի հավակնությունները
դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար
խոսում է Հայաստանի մասին որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով ադրբեջանական վաղեմի
պնդումները, թե Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է: Դեռևս դեկտեմբերին
նա ասաց, որ «ներկայիս Հայաստանը մեր հողն է»։

Աշխարհը պետք է հանցագործությունը կոչի իր իսկական անունով. «Ցեղասպանություն» տերմինի
օգտագործման դեմ դիմադրությունը երկարամյա խնդիր է եղել միջազգային հարաբերություններում:
1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը հրաժարվեցին Ռուանդայում
զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն: 30 տարվա ընթացքում քիչ
բան է փոխվել։

Այսօր, ինչպես միշտ, աշխարհի զսպվածությունը բացատրվում է աշխարհաքաղաքականությամբ։
Ադրբեջանը դաշնակից է Արևմուտքի հետ Իրանի դեմ,  էներգիա է տրամադրում Եվրոպային և միլիոններ է ծախսում
իսրայելական ժամանակակից զենքերի վրա: Բայց նման անհրաժեշտությունը չպետք է խոչընդոտի
աշխարհի պատասխանատվությանը՝ դադարեցնելու այն, ինչ կատարվում է նրա աչքի առաջ՝
2023 թվականի Հայոց ցեղասպանությունը, եզրափակել է հոդվածը նախկին գլխավոր դատախազը։