«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության
նախարար Յաշար Գյուլերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում թուրք պաշտոնյան
հայտարարել է, որ ինչպես միշտ, այնպես էլ հիմա, Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Հեռախոսազրույց
է տեղի ունեցել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ գլխավոր շտաբների պետերի միջև, որի ընթացում
քննարկվել են Արցախի Հանրապետության տարածքում ընթացող ահաբեկչական գործողությունները»,-այս
մասին ABC Media-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արամ Փոլադյանը։
Փոլադյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ երկու երկրների
զորքերն արդեն պաշտոնապես անցել են միասնական կառավարման ռեժիմի, և ցանկացած գործողություն
զեկուցվելու է Անկարայում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանը հարձակում է սկսել
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերի ուղղությամբ՝ հայտարարելով, որ իրականացնում են «հակաահաբեկչական
գործողություն»։
Ադրբեջանը, միաժամանակ, հոգեբանական ճնշման ողջ գործիքակազմն է
գործի դրել։ Համացանցում տեսանյութ է տարածել, որտեղ ադրբեջանցի կինը հայերենով կոչ
է անում արցախահայությանը չհագնել զինվորական համազգեստ և չկրել զենք, որը թույլ կտա
վերջիններիս խուսափել թիրախավորումից։
«Ադրբեջանում միայն լայնամասշտաբ պատերազմի ժամանակ են միանում
անվտանգային համակարգի բոլոր կառուցները` Պետական սահմանապահ ծառայություն, Ազգային
բանակ, Ներքին գործերի նախարարություն, Պետական անվտանգային ծառայություն։ Նշյալ կառույցներն
օժանդակում են բանակին և ուժերի ներածին չափով մասնակցում թե՛ ռազմական գործողություններին,
թե՛ համապարփակ աջակցություն ցուցաբերում թիկունքում»,-մանրամասնեց Փոլադյանը։
Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ադրբեջանում համատեղ հայտարարությամբ
են հանդես եկել անվտանգային համակարգի բաղկացուցիչ հիմնական չորս օղակներից երեքի՝
ՊԱԾ, ՊՍԾ, ՆԳՆ ներկայացուցիչները։
«Երկրում բոլոր ծառայություններն ուժեղացված են, ինչը խոսում
է երկարաժամկետ մարտական գործողությունների պատրաստվելու ու բանակին օժանդակելու անհրաժեշտության
մասին»,-եզրափակեց ադրբեջանագետը:
Հավելենք նաև, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը հանդես
է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել է․ «Հակաահաբեկչական գործողության հիմնական
նպատակներին գրեթե հասել ենք։ Մեր առջև դրված հիմնական ռազմական խնդիրը՝ կապված Արցախի
ռազմական օբյեկտները չեզոքացնելու հետ, կատարված է։ Արցախի ապօրինի ռեժիմը պետք է կազմալուծվի
և զինաթափվի»։