Աշխարհի 150-ից ավելի հայտնի գործիչներ Բաքվից պահանջում են ազատ արձակել ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին
Միջազգային լայն ճանաչում
և համբավ ունեցող ավելի քան 150 գործիչներ,
ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի
գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն
ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝
ութ քաղբանտարկյալներին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների,
որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց
և այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից
ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։
Համատեղ կոչ-նամակը ստորագրողները լուրջ անհանգստություն են հայտնում կալանավորված անձանց, ներառյալ հայ նշանավոր
գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի
առնչությամբ: Նրանց ձերբակալությունը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից իրականացված էթնիկ զտման արշավին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման
մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք
է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ
չարձակելու փաստը ավելի է խորացնում Ալիևի
ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը:
«Լեռնային Ղարաբաղի
հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և
գործողություններ են պահանջում, – ընդգծել
է նամակն ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
համահիմնադիրն է: – Նախագահ Ալիևը քաղաքական
հաշվեհարդարը նախընտրում է արդարությունից:
Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին
և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»:
Համաշխարհային ու տարածաշրջանային
տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել
է Վարդանյանի հետ, որը դարձել է տարածաշրջանում քաղաքական ազատության ու մարդկային
արժանապատվության համար մղվող պայքարի խորհրդանիշ: Նրա անարդարացի բանտարկությունը
աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն
կալանավորված մյուս անձանց :
«Մենք կոչ ենք անում
նախագահ Ալիևին կատարել միջազգային իրավունքի
հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տուն , – ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի
փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:-Լեռնային
Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել տեղաշարժի և
անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու
իրավունք: Հաշվի առելով COP29-ը հյուրընկալելու
Ադրբեջանի ներկայացրած հայտը՝ անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնություն
կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:
Փոլմանը մեկն է նամակն ստորագրած անձանցից , որոնց թվում են նաև,
օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի
Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության
գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա
Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը:
«Ռուբեն Վարդանյանի
և մյուսների ապօրինի կալանավորումը խախտում
է նրանց հիմնարար իրավունքները, – ասում է
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը: -Որպեսզի
համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս
էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի
ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»:
Նրանց միասնական կոչը որպես հիշեցում է հնչում այն մասին, որ համաշխարհային
քաղաքական առաջնորդներն աչալրջորեն հետևում են Ադրբեջանում կատարվող իրադարձություններին
և կոչ են անում ազատ արձակել կալանավորվածներին: Ինչպես շեշտվում է նամակում, հայ գերիների
կալանավորումը միջազգային իրավունքի նորմերի,
այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։
Վերջին շաբաթներին
Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի անդամները հետամուտ են եղել Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից բխող ապօրինաբար
պահվող բոլոր կալանավորների ազատ արձակմանը: Եվրախորհրդարանը հոկտեմբերին բանաձև է
ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արվում ազատ արձակել և պարտավորվել լայն համաներում
կիրառել Լեռնային Ղարաբաղի բոլոր այն բնակիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ,
որոնք ձերբակալվել են սեպտեմբերի 19-ից հետո։
Նույն կերպ ԱՄՆ կոնգրեսական
Ադամ Շիֆն է (դեմոկրատ Կալիֆորնիայից) բանաձև ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում
անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում կալանավորված բոլոր ռազմագերիներին և
ներկայումս կալանքի տակ պահվող քաղաքացիական անձանց:
Գործարկված
https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների)
ամբողջական ցուցակը: