ABCMEDIA
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին

Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս
գործող անձանց խումբն այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրում է ապակայունացնել
իրավիճակը երկրում և անկարգություններ կազմակերպել՝ գործող իշխանություններին բռնի
ուժով տապալելու համար, հայտարարել է Վրաստանի պետական
​​անվտանգության ծառայությունը։

Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ապակայունացնող գործողությունների» համար
2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն ընտրվել է այն պատճառով,
որ հենց այդ ժամանակ պետք է հրապարակվի Եվրահանձնաժողովի որոշումը՝ Վրաստանին Եվրամիության  անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ չտրամադրելու
վերաբերյալ։

«Դավադրություն հյուսողներն ակնկալում են,
որ Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչը հիմք կհանդիսանա
իշխանություններին ռուսական շահերը պաշտպանելու մեջ մեղադրելու համար»,- նշված է հայտարարությունում։

Ըստ Վրաստանի պետական ​​անվտանգության
ծառայության՝ «դավադրության» կազմակերպիչներն են 
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նրա նախկին տեղակալ,
այժմ Ուկրաինայի ռազմական հակահետախուզության ղեկավարի տեղակալ Գիա Լորտկիպանիձեն,
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը,
Ուկրաինայում գործող վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։