Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կվերադառնա Նորվեգիայի կառավարություն։ Նա նշանակվել է երկրի ֆինանսների նախարար՝ նախորդ շաբաթ կառավարության փլուզումից հետո կաբինետի վերադասավորումների շրջանակներում․ գրել է POLITICO-ն:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ խնդրել են օգնել իմ երկրին այս կրիտիկական փուլում: Նկատի ունենալով մեր առջև ծառացած ընթացիկ մարտահրավերները՝ ես որոշել եմ ընդունել վարչապետ Ստյորի խնդրանքը՝ ստանձնելով ֆինանսների նախարարի պաշտոնը»,- նշել է Ստոլտենբերգը։ Նա կփոխարինի պաշտոնաթող ֆինանսների նախարար Տրիգվե Սլագսվոլդ Վեդումին։
Նախքան ՆԱՏՕ-ի ղեկավար դառնալը, Ստոլտենբերգը երկու անգամ եղել է Նորվեգիայի վարչապետ՝ 2000-2001 և 2005-2013 թվականներին: Նա նաև 1990-ականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստոլտենբերգը 2017-ից 2021 թվականներին ստանացել էր «Թրամփի շշուկ» անվանումը՝ համոզելով ԱՄՆ նախագահին դուրս չգալ անդրատլանտյան ռազմական դաշինքից:
Նորվեգիայում օրեր առաջ սոցիալ-դեմոկրատների և կենտրոնամետների կոալիցիոն կառավարությունը կազմալուծվել է էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։
Նախարարների կաբինետը լքել են 20 նախարարներից ութը։ Երկրի ղեկավար Յոնաս Գար Ստյորեն խոստացել է հրաժարական չտալ և գլխավորել ոքրամասնության կառավարությունը մինչև այս տարվա սեպտեմբերի 8-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Երկրում ժողովրդականություն վայելող Ստոլտենբերգի ընդգրկումը կաբինետում կարող է օգնել կուսակցության անկում ապրող վարկանիշը բարձրացնելու հարցում։