ABCMEDIA
ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ
հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի
դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև
առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

 Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի
խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն
ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի
կողմից:

 Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող
Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ
ամենավայրի արշավն էր տարվում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն
այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին
ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը,
վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային
և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու
համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ