ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ աշակերտներին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության
«Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։

 Վեհափառ Հայրապետը,
իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ
ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Ամենայն Հայոց
Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը
նման նախաձեռնության համար։

 Նորին Սրբությունը
վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության
այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։

 Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանում ու Արցախում
առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության
քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։ Հայոց Հայրապետը
կարևորեց նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի
առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։