27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը դարձյալ արգելել է Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ

Ադրբեջանը դարձյալ արգելել է Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ

2023 թվականի օգոստոսին Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած
ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում
է։

Թեև օրեր առաջ հաջողվել էր պայմանավորվածություն
ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, սակայն աղջկա մարմինը ապօրինի անցակետ հասնելուց
հետո վերջիններս հրաժարվել են կատարել պայմանավորվածությունը։

Պնդել են, որ աղջկա մարմինը Կարմիր Խաչը պետք է տեղափոխի միայն
մեկ պայմանով, եթե վերջնակետը նշվի Ադրբեջանի Հանրապետությունը։ Այս մասին ABC
Media
-ի հետ զրույցում ասաց Հելենի մորեղբայրը՝ Մուշեղը։

«Հելենի ընտանիքի համար մեկ է, թեկուզ Մոզամբիկ
նշվի վերջնակետը։ Դա նշանակություն չունի։ Իրենք ուղղակի խոչընդոտում են, իսկ Հայաստանի
Հանրապետությունը չի զբաղվում այդ հարցով։ Ես չգիտեմ՝ իրենց հետաքրքի՞ր է այս թեման,
թե՞ ոչ։ Հայկական կողմից որևէ արձագանք չկա»,-ասաց Հելենի մորեղբայրը։

Վերջինիս փոխանցմամբ՝ դեռ անցած շաբաթ օրը պետք է աղջկա մարմինը
տեղափոխեին Արցախ, սակայն վերջին պահին Ադրբեջանը հարցը տեղափոխել է Կարմիր Խաչի դաշտ։

«Կարմիր Խաչն անում է այն, ինչ իրենց ասում է Բաքուն»,-ասաց Սաֆարյանը։

ABC Media-ն զրուցեց նաև ԿԽՄԿ միջազգային կոմիտեի պատվիրակության
հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ՝ պարզելու, թե ինչու իրենց չի հաջողվում
տեղափոխել Հելենի մարմինը։

«Չեմ կարող կողմերի հետ քննարկվող կոնֆիդենցալ հարցերը քննարկել
հանրային հարթակում։ Մեր առումով՝ պատրաստակամություն հայտնել ենք, որոշակի ժամանակահատվածում
կողմերի հետ քննարկել ենք այդ հարցը, սակայն այս պահի դրությամբ դրա որոշումը մեր ձեռքերում
չէ, մենք կարող ենք միայն միջնորդել այդ հարցում։ Համաձայնության գալու պարագայում
մենք պատրաստ ենք տեղափոխել աճյունը, բայց այս պահին չկա այդ համաձայնությունը»,-նշեց
Ամատունին։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական
ավտովթարի հետևանքով մահացել է 12 մարդ, որոնց մեջ էր նաև արցախցի Հելեն Դադայանը,
ում աճյունը ընտանիքին հասցնել չի ստացվում։