25 Փտր
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան ԵՄ-ին կարող է միանալ մինչև 2030 թվականը

Ուկրաինան ԵՄ-ին կարող է միանալ մինչև 2030 թվականը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է միանալ Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ԵՄ-ում ընդունելը կարող է օգնել Մոսկվային հետ պահել ապագա ագրեսիայից։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դեմ է Կիևի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Վաշինգտոնը նաև չի ցանկանում զինվորներ տրամադրել հետպատերազմյան խաղաղապահ ուժերի համար: Ինչպես նշվել է, ԵՄ-ին միանալն ուղեկցվում է բազմաթիվ իրավական և ժողովրդավարական խոչընդոտներով, որոնք Ուկրաինայի կառավարությունը փորձում է վերացնել:

Ելույթ ունենալով Կիևում կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ ֆոն դեր Լեյենը բարձր է գնահատել Ուկրաինայի առաջընթացը ԵՄ նորմերին հասնելու ուղղությամբ: «Ես իսկապես բարձր եմ գնահատում քաղաքական կամքը, որն առկա է», – նշել է ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը՝ հավելելով, որ այդ արագությամբ և որակով շարունակելու դեպքում՝ Ուկրաինան ԵՄ-ին կարող է միանալ նաև ավելի վաղ, քան 2030 թվականը։ Գագաթնաժողովը գումարվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունից հետո՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների լույսի ներքո: Անցած երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ դուրս թողնելով Եվրոպան բանակցություններից։