ABCMEDIA
Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի նախկին վարչապետին․ անդրադարձ է եղել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին

Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի նախկին վարչապետին․ անդրադարձ է եղել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Հանրապետության նախկին
վարչապետ Ռոմանո Պրոդիին, տեղեկացնում է Մայր Աթոռը։

 «Հանդիպմանը ներկա էին նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով մեծանուն քաղաքական գործչի այցը Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածին, շնորհավորեց վերջինիս ԵՊՀ-ի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու
առիթով։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը նշեց, որ հայ-իտալական բարեկամությունն ունի դարերի
պատմություն և ընդգծեց, որ եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր
դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները,
որոնց ջերմ գործակցությունը շարունակվում է և այսօր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում ստեղծված բարդ
իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ շարունակ ոտնձգություններին,
ինչպես և շրջափակման հետևանքում Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Հայոց Հայրապետը,
գնահատելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային
հանրության ներդրած ջանքերը, կարևոր նկատեց առավել ազդու միջոցների գործադրումը՝ կանխելու
արցախահայության նկատմամբ բռնաճնշումների և Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Իր խոսքում Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին անդրադարձավ
տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ի
մասնավորի կարևոր նկատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային կառույցների
առավել ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։