ABCMEDIA
ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացումից 1 տարի անց Ադրբեջանը պատժված չէ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացումից 1 տարի անց Ադրբեջանը պատժված չէ. ՀՀ ԱԳՆ

Մեկ տարի առաջ այս
օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական
ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով
շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և
նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան: Այս մասին հաղորդագրություն
է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և
բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և
անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ադրբեջանի վերահսկողության տակ  անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝
կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են
և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների
կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային
հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի։

Առաջնորդվելով անպատժելիության
զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը
Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր,
որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես
ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ
զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից
ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Հայաստանի Հանրապետությունը
բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք
մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը
և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման
գործելաոճի կանխման հստակ ուղերձ: 

Ադրբեջանի զինված ուժերը
պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ
լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է
իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև
միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։

Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ
շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր
ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր
տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը» , – նշված
է հաղորդագրության մեջ։