
Թրամփի խորհրդական Ուոլցը և մի շարք այլ պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել
ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և մի շարք աշխատակիցներ հեռացվել են Ազգային անվտանգության խորհրդից․ գրում է Fox News-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Աղբյուրները լրատվականի հետ զրույցում հաստատել են, որ Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը հեռացվել են հինգշաբթի օրը:
Ուոլցը, որը նախկինում կոնգրեսական էր Ֆլորիդայից, դեմոկրատների և այլ քաղաքական հակառակորդների կողմից քննադատության թիրախում էր հայտնվել մարտ ամսից ի վեր։ Այդ ժամանակ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հրապարակել էր իր անմիջական վկայությունը այն մասին, թե ինչպես էր Ուոլցը իրեն ավելացրել Signal հավելվածի խմբային չաթի մեջ՝ ազգային անվտանգության բարձրագույն պաշտոնյաների հետ միասին, երբ նրանք քննարկում էին Եմենի հուսիներին հարվածներ հասցնելու հարցը:
Ապրիլին Ուոլցը Fox News-ի եթերում ստանձնել էր պատասխանատվությունը լրագրողին խմբում ընդգրկելու համար՝ ասելով. «Ես եմ ամբողջությամբ պատասխանատուն։ Ես եմ ստեղծել այդ խումբը… Դա ամոթալի է։ Մենք մինչև վերջ կպարզենք այդ հարցը»։