ԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը ԼՂ-ի հայերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ
Կովաչևը կարծում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի
Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի
թղթակցին տված հարցազրույցում եվրապատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը
չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, հետևաբար նաև՝ խաղաղության պայմանագրի
կյանքի կոչմանը։ Կովաչևն անընդունելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից
2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխանակ վերադարձնի
բոլոր հայ ռազմագերիներին, նոր մարդկանց է ձերբակալում։ Հայաստանի հարցերով զեկուցողն
ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար
սկզբունքներից երկուսը չեն հարգվում՝ կա ուժի կիրառում և ինքնորոշման իրավունքը բոլորովին
անտեսվում է։
«Շատ տխուր եմ Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի
վատթարացման համար և կրկին ու կրկին միջազգային ճնշման և աջակցության կոչ եմ անում:
Պետք է շարունակել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Լաչինի միջանցքի բացման համար, որը
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ուղիղ կապն է։ Պետք է նաև շարունակել աջակցությունը
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է
2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու
է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական
ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց
է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն, և մյուս միջազգային
գործընկերները, ինչպես Եվրամիությունը, և հատկապես Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պետք
է կրկնապատկեն և եռապատկեն իրենց ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի
լուծում գտնելու համար»,-ասել է նա։