Արցախում հիմնական դերակատարների փոփոխություն է անհրաժեշտ՝ սկսած ինձնից․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Այդ մասին
նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման
մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս
ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները
ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը
ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ,
բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների
կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:
Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային
իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող
երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում
են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն:
Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝
սկսած ինձնից»,-գրել է նա։
Նա նշել է, որ շարունակելու է ապրել Արցախում, իսկ իր քայլն ուղղված
է Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: