Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է․ Վահե Հովհաննիսյան
Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։
Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն,
կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է․ իր հոդվածում
գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել,
պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։
Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝
այն մասին, որ Հայաստանը Ն. Փաշինյանը չէ»,-գրել է նա։
Ըստ այդմ.
1. Ոչնիկոլական Հայաստանը ձգտում է խելամիտ լուծումների, կայուն
խաղաղության։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացմանը։
2. Ոչնիկոլական Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերն ու նաև փաստում է,
որ դրանք դեռևս չեն տալիս արդյունք, հետևաբար պետք է փոխվի բանակցային նարատիվը։
3. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի «նոր հարթակը»։ Դա չի նշանակում լուսնից իջած ինչ-որ
նոր մարդիկ։ Դա նշանակում է իրական ասելիք, իրական պայքարողներ, իրական գրագիտություն,
տարբեր միջավայրերում իրական հեղինակություն ունեցող անվանացանկ՝ բոլոր սերունդների
ներկայացուցիչներով, և որոշումների կայացման նոր մեխանիզմներ։ Հին, մաշված ճանապարհով՝
բարձր գոռացողների, սեզոնային լռողների, շատ փող կամ պատվո կոչումներ ունեցողների
«ձայնի իրավունքով» ,ոչ մի լավ բան դուրս չի գա։ Նախկին հարթակներից պետք է վերցնել
միայն լավը, գումարել նոր դեմքեր՝ պայքարով ու սկզբունքներով վաստակած։
4. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի նոր ասելիքը։ Հստակ ձևակերպումների, հստակ դրվող
խնդիրների կարիք կա՝ այնպիսիք, որոնք հասկանալի և ընդունելի կլինեն լայն հանրության
և բոլոր ընտրազանգվածների համար։
Դրանք հետևյալ ձևակերպումներն են.
Ա. թույլ չտալ պատերազմ (նիկոլական այս ընթացքը տանում է
պատերազմի)
Բ. թույլ չտալ հայրենազրկում (նիկոլական այս ընթացքը տանում
է հայրենազրկման)։
Այս պարզ գաղափարներով սկսել ներհանրային երկխոսությունը։ Մնացած
բազմաթիվ հարցերը՝ պրոցեսի ընթացքում։
5. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պետք է հստակ անդրադառնա Երևանի ընտրություններին։ Չանել
դա` նշանակում է օտարվել իրականությունից։ Հանրահավաքը պետք է տա հստակ ուղերձ. Մասնակցել,
գնալ ընտրության՝ մերժել ՔՊ-ին։ Քվեարկել Նիկոլի ուժին՝ նշանակում է Երևանի դռները
բացել հակառակորդի առաջ։ Սա է ճիշտ մթնլորտի ձևավորման ճանապարհը։ Ընդ որում ոչ թե
անհատապես մերժել Ավինյանին, այլ՝ այն ուժին, որով նա մասնակցում է։ Սա թեկնածուների
միջև ընտրություն չէ, սա պետության ապագայի ընտրությունն է։
6. Սեպտեմբերի 2-ին` օրվա առաջին կեսին, տեղի է ունենալու նաև մեկ այլ կարևոր ակցիա
Արցախի ներկայացուցչության դիմաց։ Պետք է թեկուզ 10 րոպեով, թեկուզ մեր լուռ, բայց
կարևոր ներկայությամբ լինենք այնտեղ՝ փաստելու Արցախի անկախությունը, և փաստելու համատեղ
պայքարը Արցախի մեր հայրենակիցների հետ։ Սա շատ կարևոր է։
7. Հասնել այն մթնոլորտին, որ սեպտեմբերի 3-ից սկսած՝ նախորդ օրվա ուղերձների մասին
այլևս չդադարող «հանրահավաքներ» լինեն մարդկանց տներում, բակերում, հիմնարկներում,
տրանսպորտում՝ ամենուր։
Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ահռելի ծավալի իրական գործ կա անելու։ Ազգային մեքենան պետք
է վերջապես լծվի աշխատանքի։ Ցանկացած գաղափար լավ է, երբ գործի է դրվում։