
Աշխարհը բախվում է ծնելիության աննախադեպ ճգնաժամի․ ՀՀ-ում մեկ կնոջը բաժին է ընկնում 1,7 երեխա․ ՄԱԿ
Աշխարհում ծնելիության մակարդակը աննախադեպ ընկել է։ Մոլորակի միլիոնավոր մարդիկ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով։ Այս մասին նշվել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում։
Կազմակերպության մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել 14 երկրների 14 հազար մարդկանց շրջանում, որոնք կազմում են աշխարհի բնակչության մեկ երրորդը, այդ թվում՝ ԱՄՆ–ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, երեխաներ ունենալու ծրագրերի վերաբերյալ։
Ուսումնասիրությունը ներառել է ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող մարդկանց։ Հարցմանը մասնակցել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ ոչ վերարտադրողական տարիքի մարդիկ։ Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը նշել է, որ չի կարող ունենալ ցանկալի թվով երեխաներ։
Հարցվածները երեխաներ ունենալուց հրաժարվելու կամ շատ երեխաներ չունենալու հիմնական պատճառը նշել են ֆինանսական դժվարությունները և կյանքի բարձր արժեքը։ Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և զբաղվածության համատեղման դժվարություններն, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջապահական խնդիրները և քաղաքական անկայունությունը։
«Ծնելիության մակարդակը մեծ մասամբ նվազում է, քանի որ շատ մարդիկ զգում են, որ չեն կարող ստեղծել իրենց ուզած ընտանիքը, և դա իրական ճգնաժամ է», – նշել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Կանեմը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները:
ՄԱԿ–ի վերջին զեկույցում, որը վերաբերում է աշխարհի բնակչության հեռանկարներին, նշվում է, որ հաջորդ 90 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը կաճի 3.1 միլիարդ մարդով, որից հետո կհետևի աստիճանական անկում: Փաստաթղթում ընդգծվել է, որ աշխարհի բնակչության աճը կապված կլինի Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի երկրներում բարձր ծնելիության հետ: Հակառակ միտում է նկատվում Եվրոպայի երկրներում և Ճապոնիայում, որտեղ բնակչության թիվը, կանխատեսումների համաձայն, կնվազի մինչև 2050 թվականը:
ՀՀ–ում 2025-ին ծնելիության կաիֆիցենտը մեկ կնոջ հաշվով 1,7 է։ Տղամարդկանց կայնքի ակնկալվող տևողությունը 72 տարին է, իսկ կանանցը՝ 80։ Ադրբեջանում ևս 2025-ին ծնելիության կաիֆիցենտը մեկ կնոջ հաշվով 1,7 է, թեև բնակչությունը գրեթե կրկնակի շատ է, քան ՀՀ–ում։ Եթե տղամարդկանց համար ակնկալվող կյանքի տևողությունը կրկին 72 տարին է, ապա կանանց համար այն 77-ն է։ Վրաստանում ծնելությունը մեկ կնոջ հաշվով փոքր– ինչ բարձր է՝ 1,8, Թուրքիայում և Իրանում այդ ցուցանիշը 1,6 և 1,7 է համապատասխանաբար։