17 Հնս
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը

Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը

Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից և ակտիվորեն քննարկում է տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է․ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։

«Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը», – նշված է հրապարակման մեջ։

The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:

2022 թվականի տվյալներով՝ Իրանում բնակվում է Հնդկաստանի շուրջ 10 000 քաղաքացի, այդ թվում՝ 2000 ուսանող։

Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իսրայելի հետ փոխադարձ հարվածների ֆոնին, ինչը մտահոգություններ է առաջացրել օտարերկրացիների անվտանգության առնչությամբ։

Նյու Դելին զսպվածության և ապաէսկալացման կոչ է արել՝ հորդորելով Իրանին և Իսրայելին խուսափել հակամարտության սրումից։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

Ռազմագերիներ