03 Հնս
2024
ABCMEDIA
Իմ տան սուգը, իմ աղջկա դին ճղճիմ քաղաքական հարց մի՛ դարձեք․ արցախցի Հելենի մայրը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին

Իմ տան սուգը, իմ աղջկա դին ճղճիմ քաղաքական հարց մի՛ դարձեք․ արցախցի Հելենի մայրը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին

Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20 ամյա
Հելենի մայրը՝ Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը, բաց նամակով դիմել է
Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է
Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե
«20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ
սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ
որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է»,- ասված նամակում:

Հելենի մայրը նշել է, որ այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի
իշխանություններից իր ուզածը մեկն է՝  20 տարեկան դստեր դին իր հողում հուղարկավորել։

«Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, կատարեք ձեր
պարտականություները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի
իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա
ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը»,- գրել
է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝
Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը
եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով զոհվել էր 12 մարդ։