ABCMEDIA
Արցախի աշխարհազորը իշխանությանը ծառայեցնելու քայլերը ձախողվեցին․ Տիգրան Աբրահամյան

Արցախի աշխարհազորը իշխանությանը ծառայեցնելու քայլերը ձախողվեցին․ Տիգրան Աբրահամյան

Արցախի աշխարհազորը իշխանությանը ծառայեցնելու քայլերը ձախողվեցին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի աշխարհազորի հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, որում սրբագրել
է իր այն հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել:

 Խնդրահարույց մեկնաբանությունները Կարեն Մաթևոսյանը բացատրել է նրանով, որ ինքը
քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տա:

 Մաթևոսյանը նշել է, որ որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ ու իր պայքարը
հանուն Արցախի պաշտպանության է:

 Աշխարհազորի հրամանատարը նաև նշել է, որ եթե Արցախի գործող նախագահը չի կարողանում
մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր դերակատարներին, միգուցե ճիշտը նրա հրաժարականն է:

 Տեսաուղերձում ակնարկներ կա այն մասին, որ որոշ դեմքեր Արցախում փորձել են իր խոսքերը
խեղաթյուրել և առանձին գործիչների դեմ ուղղել, նույնիսկ հասարակությանը վախեցնել, սակայն
ըստ Մաթևոսյանի, աշխարհազորը ծառայում է ժողովրդին և որևէ մեկն իրենց չի կարող ներքաղաքական
գործընթացների մեջ ներքաշել:

 Կուլիսներում նաև տեղեկություններ կա այն մասին, որ Կարեն Մաթևոսյանին, նախնական
փուլում, սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների
վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է:

 Ինչևէ, Արցախում` բոլոր առումներով այս ծանր պահին, Մաթևոսյանի վերջին ուղերձը
որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որը ստեղծվել էր առաջին ուղերձից հետո,
մյուս կողմից այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության` հանրության, քաղաքական
հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության:

 Աշխարհազորի գլխավոր խնդիրն
արտաքին թշնամու դեմ պայքարն է և այն մարդիկ, ուժերը, ովքեր փորձում էին այդ կառույցը
ծառայեցնել իշխանության պահպանման, նեղ անձնական շահերի կամ իշխանության գալու համար,
ձախողվեցին»: