
Վրաստանն արդեն 33 կոնյակի բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման խնդիրներին։
Պապոյանի խոսքով՝ վրացական կողմն ունի կասկած, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի․
«Տարանցման երկրներն այդպիսի իրավունք չունեն, և մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»,- ասաց Պապոյանը:
Նա նշեց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել:
«Մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- նշեց Պապոյանը: